Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/10/2022
share

Վարդահովիտում բնակիչները տապալեցին հանրային լսումները (տեսանյութ)

Հոկտեմբերի 14-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղում «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումը տապալվեց։ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ բուռն քննարկում ծավալվեց։ Բնակիչները դեմ արտահայտվեցին իրենց համայնքում մետաղական հանքարդյունաբերությանը։ Իր բացասական դիրքորոշումն արտահայտեց նաև Եղեգիս համայնքի ղեկավարը։
Խաղողագործությամբ, անասնապահությամբ հայտնի համայնքի զարգացումն անհամատեղելի է մետաղական հանքարդյունաբերություն հետ,-ասում են բնակիչները։
Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը cvmedia.am-ին ասաց, որ անընդունելի է, որ հանքարդյունաբերական ընկերությունը  հանրային լսման է եկել առանց երկրաբանի, դժգոհում է, որ իրենց հարցերին պատշաճ պատասխաններ չտրվեցին։ Այնինչ, իրենք շատ հարցեր ունեին։ Օրինակ այն, որ նախատեսվող տեղամասի հարակից տարածքում է գտնվում Վայոց ձորի մարզի ջրհավաք ավազանը։ Այդ աղբյուրից են սնվում նաև Արենի համայնքի այգիները։
Բնակիչները մտավախություն ունեն, որ մետաղական հանքը կվտանգի ջրային պաշարները, կտուժեն այգիները, անասնապահությունը, մեղվաբուծությանը, կվտանգվի մարդկանց առողջությունը։
Բուռն և լարված քննարկումների արդյունքում բնակիչները թույլ չտվեցին հանրային լսումը կայանա։
Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանն  ասաց՝ քանի որ իրենց հարցերին պատշաճ պատասխաններ չտրվեցին, համարում է, որ հանրային լսումը չի կայացել։  
Հայտի վերաբերյալ ավելի վաղ, բացասական կարծիք էր հայտնել նաև Վայոց ձորի մարզպետարանը, այն հիմնավորմամբ, որ նախատեսվող գործունեությունը հակասում է ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջներին:
Քաղհասարակության ներկայացուցիչները ևս ահազանգում են, որ այն վտանգում է համայնքների կանաչ զարգացմանը։
Նախատեսվող երկրաբանական աշխատանքները հակասում են նաև «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության» ծրագրին, նման կարծիք են արտահայտել նաև «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի մասնակիցները։  

 

facebook sharing button facebook